11:16   30-09-2022
Image Description
Սա սարսափելի է, բռնությունը երբեք չպետք է խնդրի լուծման միջոց դառնա․ ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում
Թողնել մեկնաբանություն

Մենք շատ շնորհակալ ենք պատկան մարմիններին, որ մեզ նման հնարավորություն ընձեռվեց այցելել Գեղարքունի։ Միշտ շատ կարևոր է սեփական աչքերով տեսնել, այս մասին Գեղարքունիքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Մեր առաջադրանքն է նշումներ անել և դրանք ուղարկել մեր գլխամասային գրասենյակ։ Կարծում եմ՝ պարզ է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Մենք տեսել ենք դա, խոսքը վերաբերում է թե՛ Կութի համայնքապետարանի շենքին, թե՛ դպրոցին։ Մենք տեսել ենք բնակելի տներ, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Սա, կարծում եմ, խորապես մտահոգիչ է։ Կարծում եմ, որ ամենակարևոր բանն այն է, որ մարդիկ վախեցած են։ Վարչապետը բավական պարզ նշեց այդ մասին այսօրվա իր ելույթում։ Եվ վախը, որ այն [հարձակումը – խմբ․] կարող է կրկնվել, բերում է մի իրավիճակի, երբ մարդն այլևս ակտիվ չէ։ Եվ սա իրապես շատ վտանգավոր կարող է լինել»,–ասաց նա։

Դեսպանը նշեց, որ շատ լավ է հասկանում այստեղ ապրող մարդկանց վիճակը։ «Կարծում եմ՝ սա շատ դժվար իրավիճակ է։ Եվ կրկնում եմ այն, ինչ միշտ ենք ասում՝ բռնությունը երբեք չպետք է լուծման հասնելու միջոց դառնա։ Պետք է գնալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ, պետք է քննարկում տեղի ունեն, ինչից հետո լուծում գտնվի։ Ռազմական լուծումը՝ լուծում չէ»,– ասաց նա։ 

Հարցին, որ չնայած միջազգային հանրության բոլոր կոչերին, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, ինչ պետք է միջազգային հանրությունն ու Արևմուտքը անեն՝ Ադրբեջանին այդ գործողություններից հետ պահելու համեր, դեսպանն ասաց․ «Գիտեք, ես դիվանագետ եմ և աշխատում եմ մի կազմակերպությունում, որը ցանկանում է օժանդակել խնդրի լուծմանը։ Մեզ համար խնդրի կարգավորման միայն մեկ միջոց կա՝ նստել բանակցությունների սեղանին և բանակցել»,– ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի այդպես։ «Մեր պատկերացմամբ՝ դա է միակ ելքը»,– հավելեց դեսպանը։

Լրագրողները նաև հարցրին, թե ինչու միջազգային հանրությունը որևէ կերպ չարձագանքեց ադրբեջանցիների գործած դաժանությունների մասին, մասնավորապես այն մասին, թե ինչպես են խեղել հայ կին զինծառայողների մարմինները։ Դեսպանն ասաց, որ ԵՄ ներկայացուցիչը տվել է այս հարցի պատասխանը և հավելեց․ «Բնական է, որ դա պետք է ապացուցվի, մենք ասում ենք, որ պատերազմական հանցագործությունը պետք է հետաքննվի և վերջ։ Դա է պատասխանը։ Պետք է շարունակենք աշխատել դրական նոտայի վրա։ Հասկանում եմ, որ դժվար է, որ բոլորը վատ տրամադրություն ունեն, վախեցած են, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է շարունակենք և ցույց տանք, որ Հայաստան կարող է և շարունակում է աշխատել։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչքով կարող է ԵՄ–ն օգնել, աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար այս խնդիրների լուծման հարցում։ Դեսպանն ասաց, որ ԵՄ-ն արագ է արձագանքում այս հարցերին և նույնկերպ արագ է արձագանքել պատերազմից հետո։

«Հիմա էլ ԵՄ գլխամասի հետ քննարկումների մեջ ենք։ Մենք որոշակի փոփոխություններ կմտցնենք հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերում։ Ինչպես ասացի, հիմա ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկում ենք մանրամասները, թե ինչպես կարող ենք զբաղվել ականների խնդրով։ Բնականաբար շարունակելու ենք մեր մեծ նախագծերը, որոնք վերաբերում են տնտեսական զարգացմանը։ Երեկ երեկոյան ես ցնցված էի՝ տեղեկանալով, որ երիտասարդներ են սպանվել։ Երեկ անցկացվում էր տեխնոլոգիաների և գիտության վերաբերյալ համաժողովը, որը այնքան դրական ազդակ է, քանի որ երկիրը շատ ուշադրություն է գրավում, շատ մարդիկ են գալիս մասնակցելու այս համաժողովին, որին աջակցում է ԵՄ–ն, Գերմանիան, GIZ-ը»,– ասաց դեսպանը։

Հարց հնչեց, թե դեսպանն անձամբ տեսավ վայրագությունների հետևանքները և ինչ գնահատական կտա այս ամենին։ Անդրեա Վիկտորինն ասաց, որ պետք է ճշգրիտ լինել, քանի որ ինքն այստեղ վայրագություններ չի տեսել, տեսել է վնասներ, փլուզված շենքեր։ «Սա սարսափելի է։ Տեսա նաև որոշ լուսանկարներ, նաև տեսա Ձեր նշած տեսանյութը։ Այո, դա անընդունելի է։ Մի փոքր առաջ ինձ հարցրեցին այդ մասին և արդեն պատասխանեցի, որ դա պետք է հետաքննվի միջազգային սկզբունքների համաձայն։ Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, որը, անպայման, ինչ–որ մեկը կբարձրացնի, խոսքը անհայտ կորածների և գերիների մասին է, պիտի ասեմ, որ մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատել և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Մեր գործընկերներից է ԱՄՆ–ը և կան այլ անդամ պետություններ, որոնց հետ միասին գործունեություն ենք ծավալում։ Չենք հանձնվելու, քանի որ մարդասիրական այս բաղադրիչը պետք է կատարել»,– ասաց նա։

Հարցին, թե մինչ միջազգային հանրությունը աշխատում է բազմաթիվ խնդիրների շուրջ, ադրբեջանցիները Հայաստանին վերադարձնում են գերիների մարմինները, դեսպանը պատասխանեց, որ շատ լավ հասկանում եմ դա, սակայն, հավելեց, թե պետք է հասկանալ, որ իրենք այստեղ միայն օժանդակող դերակատարում ունեն։ «Միակ բանը, որ կարող ենք Ձեզ խոստանալ, այն է, որ երբեք չենք հանձնվելու, Ֆրանսիայի հետ մեկտեղ աշխատում ենք այս ուղղությամբ, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ինքներդ տեսաք, որ ոմանք վերադարձան, սակայն ցավոք սրտի, միգուցե, ոչ այնպես, ինչպես ուզում էինք նրանց ընդունել»,– ասաց նա։

Loading...