19:34   10-11-2022
Image Description
Ոչ պետական բուհերը կգործեն մրցակցային հավասար պայմաններում. Կարեն Թռչունյան
Թողնել մեկնաբանություն

Եվրասիա միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ զարգացած հասարակության ձևավորումը սկսվում է կրթությունից.

«Բարձրագույն կրթության ոլորտում մեր թիրախները շատ հավակնոտ են: Այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաստատման փուլում է գտնվում «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի ընդունումից հետո հաստատվելու է գործողությունների պլանը, որը, բնականաբար, ընդունվելու է մասնակցային քննարկումների արդյունքում: Այդ հեռանկարային փաստաթղթերում շեշտված է նաև ոչ պետական բուհերի զարգացումը։ Մենք ուզում ենք, որ լինեն խոշորացված մասնավոր բուհեր, որոնք կգործեն մրցակցային հավասար պայմաններում և կառաջնորդվեն զարգացման նույն չափանիշներով»,- ասել է փոխնախարարը։

Նա ողջունելի է համարել, որ Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են դրական օրինակ համարվել բազմաթիվ այլ ոչ պետական բուհերի համար:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի բացումը համագործակցության առումով նշանակալի քայլ է.

«Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ. մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»:

Եվրասիա միջազգային համալսարանի նորաբաց ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն Եվրասիա միջազգային համալսարանում գործող ուսումնական ծրագրերին, մասնավորապես՝ «Իրավունք և կայուն զարգացում» մագիստրոսական ծրագրին: Նշված կրթական ծրագրերում չընդգրկված մասնակիցներին կտրվեն վկայագրեր, եթե նրանք անցնեն առաջարկվող դասընթացները:

Ամբիոնի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ երեք տարի տևողությամբ դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակից:

«Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի առաջնային խնդիրն է ծառայել որպես ԵՄ իրավունքի վերաբերյալ գիտելիքների ապահովման հարթակ՝ ԵՄ սահմաններից դուրս: Ամբիոնը նպատակ ունի իրականացնել եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքի ներուժը:

Loading...