18:11   14-11-2022
Image Description
Շրջանավարտներին հնարավորություն կտրվի երկու անգամ հանձնել քննություն. վերջնական կհամարվի ամենաբարձր արդյունքը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

«Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.

Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:

9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.

«Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ.

«Գրականություն» առարկայից՝ բանավոր.

«Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.

«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր․

«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ).

«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.

«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:

«Գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Գրականություն» և «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:

9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը:

12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ).

«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ).

«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ).

«Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,

«Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում.

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:

12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկայի(ների) պետական ավարտական քննությունը(ները), որը(որոնք) չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչև 30-ը` ժամը 12։00-ը, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենն ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ՝ քննություններ հանձնողների դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։

Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:

Loading...