10:04   22-11-2022
Image Description
«Մինասի գույներով». Գյումրիում անցկացվել է երիտասարդ նկարիչների պլեներ
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացվում է«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները, որին մասնակցում են 25 նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից։ Պլեները Շիրակի մարզում անցկացվում է 2012 թվականից և ի սկզբանե ավելի շատ մասնակցում էին սկսնակ նկարիչներ։ Այս անգամ մշակութային միջոցառումը համախմբել է պրոֆեսիոնալ և սկսնակ նկարիչներին։ Այս տարի պլեները աշնանային է։ Նկարիչները կտավին են հանձնում Շիրակի մարզի բնակավայրերի աշնանային պատկերները։ Երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները կազմակերպել է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը, Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ։

Պլեներ բառացի ֆրանսերենից թարգմանած նշանակում է բացօթյա։ Գեղանկարչության մեջ այս տերմինով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեների ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրն առնվազն 4 գեղանկար է հեղինակելու։ Բացի դրանից, մասնակիցները համատեղ մեկ կտավ են նկարելու։ Այդ կտավի, ինչպես նաև պլեներին նվիրաբերած աշխատանքների վաճառքից ստացված հասույթը հիմնադրամն ուղղելու է բարեգործական ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուն Շիրակի մարզի գյուղական համայնքներն են։

Loading...