10:38   02-12-2022
Image Description
Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ, նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել լիարժեք վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ԱԳ տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։

Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիա հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ:

Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրությունը հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը»,-նշվում է հաղորդագրությունում:

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականին, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ: Պատճառը 2004-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքից հետո Հունգարիայում իր պատիժը կրող Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելն էր:

Loading...