13:15   02-12-2022
Image Description
Բազմաթիվ կետերի շուրջ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, սակայն որոշ կետերի վերաբերյալ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել. Էդուարդ Աղաջանյան
Թողնել մեկնաբանություն

2022 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կապված 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում օգտագործվել են ձեւակերպումներ, որոնք անընդունելի են «Հայաստան» խմբակցության համար: Խեղաթյուրված է Արցախյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են նաեւ 44-օրյա պատերազմի պատճառները: Հայաստանին ներկայացվել են պահանջներ, որոնք անընդունելի եւ դատապարտելի են խմբակցության համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Անդրանիկ Թեւանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանին, պատասխանել համարժեք կարգավիճակ ունեցող պետական կառույցի մակարդակով»,- ընդգծել է զեկուցողը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ նախորդ երեք օրվա ընթացքում նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության անդամների հետ ունեցել են քննարկումներ: Բազմաթիվ կետերի շուրջ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, սակայն որոշ կետերի վերաբերյալ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարությանը:

Քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն չի ստացել: Այն նախատեսվում է քննարկել քիչ անց՝ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

Loading...