13:18   02-12-2022
Image Description
Տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է. Արարատ Միրզոյան
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են: 

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ 

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

Loading...