16:36   02-12-2022
Image Description
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։

Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»։

Loading...