15:32   14-12-2022
Image Description
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Թողնել մեկնաբանություն

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։

Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում Գասպարյանը ձախողել է առաջին երկու մոտեցումները և չի կարողացել բարձրացնել 213 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերևում պահել է արդեն 214 կգ ծանրաձողը:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը՝ երկամարտի 391 կգ (174+217 կգ) արդյունքով։

Այս գիշեր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել նաև կանանց հավաքականի անդամներ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, որոնք երկուսն էլ հանդես են գալիս 76 կգ քաշային կարգում: Հակոբյանը երկամարտի 227 կգ (105+122 կգ) արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ Խաչատրյանը երկամարտի 220 կգ (100+120 կգ) արդյունքով 11-րդն է։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ իրենց ելույթներն ԱԱ-ում ավարտել էին Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ):

Անդրանիկ Կարապետյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 352 կգ (166+186 կգ) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողը և գրավել է 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 186 կգ արդյունքով զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։ Վարդան Մանուկյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 345 կգ (155+190 կգ) արդյունքով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Իզաբելլա Յայլյանն էլ երկամարտի 205 կգ (90+115 կգ) արդյունքով զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը:

ԱԱ-ում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա արդեն դեկտեմբերի 15-ին․ մրցահարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ): Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:

Loading...