15:12   31-01-2023
Image Description
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:
 
Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.
 
առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու,
 
անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
 
ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:
 
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:
 
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:
 
Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:
 
Նախարարն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

Loading...