16:39   06-02-2023
Image Description
Թուրքիայի հարավ-արևելքում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,2 մագնիտուդ հզորությամբ
Թողնել մեկնաբանություն

Երկուշաբթի կեսօրին Թուրքիայի հարավ-արևելքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Քանդիլլի սեյսմոլոգիական կենտրոնին։ 

Ըստ կենտրոնի տվյալների՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի նահանգում, որն ավելի վաղ տուժել էր նաև գիշերային երկրաշարժից: 

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ Անկարայում հետցնցումներ են զգացվել։

Ինչպես քիչ առաջ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 6 մագնիտուդով հետցնցում:

Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385 մարդ:

Երկրաշարժից նաև լրջորեն տուժել են սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 326-ի, վիրավորվել է 1042 մարդ։

Loading...