10:37   07-02-2023
Image Description
Միրզոյանը Յոհան Վադեֆուլին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: 

«Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը: 

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության, իսկ տարածաշրջանում կայունության համատեքստում՝ Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ, մշտադիտարկման առաքելության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Loading...