Առհասարակ լինել նորաձևության ոլորտում նշանակում է քայլել ստեղծագործական աշխարհի հետ համընթաց: Ստեղծագործական գործընթացը ամեն անգամ նոր է ու տարբեր, և ոգեշնչման աղբյուրն էլ իր հերթին տարբեր է լինում։ Քանի որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023թ-ին տոնում է հայ կինոյի 100-ամյակը, և այս 100 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 3000 վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր են ստեղծվել, մենք նպատակ սահմանեցինք մեր հավաքածույի միջոցով ևս մեկ անգամ գնահատել և վերաարժևորել այդ կինոժառանգությունը: Չէ՞ որ Աղաբաբյանի գերնպատակներից մեկը միշտ եղել է հենց հայկական մշակույթի և արտադրության արտացոլումը նորաձևության մեջ և այն ներկայացնելը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս:
«Այս հավաքածուն ստեղծելիս մի խնդիր ունեինք, որ այն ոչ միայն մշակութային արժեք ներկայացնի իրենից, այլ նաև լինի կոմերցիոն, քանի որ երբ ինչ որ բան եմ ստեղծում, ցանկանում եմ, որ այն ոչ միայն ինձ հետաքրքիր լինի, այլ նաև շատերի ուշադրությունը գրավի: Այդ իսկ պատճառով համադրել ենք ժամանակակից ձևվածքները «Հայֆիլմ»-ի շնչով: Թո՛ւյլ տվեք ներկայացնել մի քանի դետալներ, որպեսզի ավելի պարզ լինի թե ինչի մասին եմ խոսում: Օրինակ՝ «Մեր մանկության տանգո»-ի հանրահայտ «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ» արտահայտությունը դրսեւորվել է «ծուռ» օձիքի տեսքով մի քանի մոդելների վրա», - նշում է Սյուզաննան:
«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոս Երվանդի փողկապների բազմազանությունը վստահ ենք՝ նկատել եք։ Մենք ևս անտարբեր չէինք կարող մնալ։ Փողկապի ուրվագիծը տեղ է գտել պիջակի թևի դետալում։
Եվ, թերևս, այս հավաքածուի ամենից ուշադրություն գրավող դետալները` տարբեր չափսերի տձև անցքերը, ոգեշնչված են հայկական ֆիլմերում հաճախ հանդիպող կանացի հագուստի գործվածքների անցքերով. դրանք մասնավորապես գերակշռում են շարֆերում և օձիքներում։
«Հատկանշական է այն, որ հավաքածույի ֆոտոշարքը արել ենք հայֆիլմի «մայրաքաղաք» Գյումրիում և այն լոկացիաներում, որտեղ հիմնականում նկարվել են ֆիլմերը: Նաև շատ հետաքրքրաշարժ է հավաքածուում ներկայացված հագուստների յուրօրինակ գույների և կտորների ընտրությունը, որոնք ևս ոգեշնչված են տարբեր ֆիլմերի հերոսների կերպարներից:
Հուսով եմ, որ այս հավաքածուն ևս մեծ տարածում կունենա և սեր կվայելի մեր հաճախորդների շրջանում, ինչպես մեր նախորդ հավաքածուները, որն էլ մեզ ավելի կոգեշնչի էլ ավելի մեծ ոգևորությամբ ստեղծագործել»,- մեկնաբանում է Սյուզաննան: