Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Նա մարտի 10-ի առավոտյան գավազանակիր Պեդեր Շիրվանի ուղեկցությամբ այցելել է աղետի գոտի: Նախ օդային ճանապարհով հասել է Ադանա, ապա այնտեղից ժողովրդի հետ միասին այցելել Հաթայ (Թուրքիայի հարավարևելյան նահանգ):
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատրիարքն այցի 2-րդ օրը եղել է երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիայում միակ հայկական գյուղ Վաքըֆլըում և տեղեկացել բնակիչների կարիքների մասին:
Մաշալյանն այցի շրջանակում հանդիպել է Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանի և քաղաքապետ Լյուֆթու Սավաշի հետ, ապա եղել Իսքենդերունում և լսել այնտեղ բնակվող հայերի բարձրացրած հարցերն ու գիշերել այնտեղ:
Պոլսո հայոց պատրիարքը եղել է նաև Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում գտնվող հայկական Սբ. Քառասուն Մանուկ եկեղեցում, որը երկրաշարժից մեծ վնաս էր կրել։ Մաշալյանը հայտնել է, որ եկեղեցին, ինչպես նաև եկեղեցապատկան գույքը, շուտով կվերանորոգվեն:
Մարտի 11-ին Մաշալյանը հանդիպում է ունեցել Իսքենդերունի և Մերսինի ուղղափառ և լատինական կաթոլիկ բնակչության հետ, ինչպես նաև շրջանների հոգևոր առաջնորդների հետ: