Հայաստանում անցկացված ֆրիդայվինգի միջազգային մրցումները մեծ արձագանք են ստացել օտարերկրյա մասնակիցների կողմից:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի «Արմդայվինգ» ակումբի նախագահ Տիգրան Ազիզբեկյանը:
«Մարզաձևը նոր է Հայաստանում տարածում ստանում, սակայն ամբողջ աշխարհում բավականին լայն տարածում ունի: Հայաստանն էլ արդեն այդ շուկայում ներկայացված կլինի: Արդեն իսկ ունենք ձևավորված հավաքական»,-ասաց Ազիզբեկյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի հավաքականը մայիսին կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանում կայացած առաջին միջազգային մրցաշարին եղել է 14 մասնակից:
«Արտերկրի մասնակիցներից շատ դրական արձագանք ստացանք: Պահանջարկը բարձր է, և, հնարավոր է, մայիսին ևս մեկ լողավազանային միջազգային մրցաշար անցկացնենք»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օլգա Դավիդովան գոհ է առաջին անգամ անցկացվող մրցաշարում հայ մարզիկների կատարած աշխատանքից:
«Մարզիկների առաջ դրված խնդիրը ոչ թե բարձր արդյունքների ձգտելն էր, այլ դրական արդյունք գրանցելը: Որպես այդպիսին այս մրցաշարը նոր փորձ էր և նոր հնարավորություն: Այս դեպքում առավել կարևոր էր մեր ձեռք բերած փորձը»,-ասաց նա:
Ֆրիդայվինգը սուզալողի ենթատեսակ է, որտեղ մարզիկն առանց որևէ սարքավորման մեկ շնչով սուզվում է: Հայաստանն առաջին անգամ միջազգային կազմակերպության կազմը համալրել է 2022 թվականին, որի շնորհիվ էլ իրավունք է ստացել երկիրը ներկայացնել միջազգային այս կամ այլ միջոցառումների ժամանակ: