14:37   17-03-2023
Image Description
Ապրիլի 15-23-ը Երևանում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Թողնել մեկնաբանություն

Երևանը հյուրընկալելու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 15-23-ն անցկացվելիք վարկանիշային մրցաշարին մասնակցելու համար, ըստ նախնական հայտերի, Հայաստան է ժամանելու ավելի քան 500 մարզիկ 42 երկրից:

Մարզական այդ մեծ իրադարձության պաշտոնական հատվածի մեկնարկը տրվեց այսօր: Կազմկոմիտեի նախագահի խոսքով՝ սա բարձրացնում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը՝ խթանելով ոլորտի զարգացումը:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ԵԱ անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) - Պատվիրակություններով, մարզիչներով և այլ ֆուկցոներների մասնակցությամբ Հայաստան կգա ավելի քան 1000 մասնակից, ինչը շատ մեծ թիվ է մեզ համար էն առումով, որ նման մեծ միջոցառում՝ նման քանակի մարզիկներով ու պատվիրակության անդամներով, մենք չէինք անցկացրել:

Առաջնության մեկնարկի հետհաշվարկը կսկսվի վաղը, Հյուսիսային պողոտայում տեղադրված ժամացույցը կհուշի՝ քանի օր, քանի ժամ ու րոպե մնաց մարզական իրադարձությանը: Հին աշխարհամասի ծանրորդներին միավորող մրցաշարի պաշտոնական բացումը կտրվի ապրիլի 14-ին: Կազմկոմիտեի խոսքով՝ նախադեպը չունեցող շոու է սպասվում:

Արայիկ Հարությունյան - էն ծրագիրը, որը ներկայացրել է կազմակերպիչը, վկայում է էն մասին, որ մենք շատ գեղեցիկ, դիտարժան ու ներկայանալի շոու ենք ունենալու, ինչը, համենայնդեպս, մասնագետներն են ասում, ծանրամարտի Եվրոպայի առաջնության պատմության մեջ չի եղել: Մենք ներկայանալու ենք ոչ միայն որպես մարզական կենտրոն, այլև մշակութային արվեստի ու զվարճանքի կենտրոն:

Այժմ ակտիվ ընթանում է նախապատրաստական փուլը: Շուտով կավարտվի Կիլիկիա մարզադպրոցի վերանորոգումը, որտեղ այդ օրերին կայանալու են ծանրորդների մարզումները: Առաջնության խորհրդանիշն էլ արդեն կա՝ հայկական մուֆլոնն է, չորքոտնու եղջյուրների կամարն էլ դիզայներական լուծումներով ստացել է ծանրաձող բարձրացնող մարդու կերպար:

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծում է՝ սա պատմական իրադարձություն է:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ուղիղ 40 տարի առաջ Մարզահամերգային համալիրը, որ պիտի բացվեր ու անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի ու աշխարհի առաջնությունը, հենց ծանրամարտով պիտի սկսվեր: Նույնիսկ էդ կրծքանշանները դեռ պահպանվել են, և մենք հիմա՝ 40 տարի հետո, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը:

Սպորտային միջոցառման կազմակերպման համար գործադիրը 1 միլիարդ 100 միլիոն դրամ է տրամադրել: Բանախոսներն ասում են՝ մուտքը կլինի տոմսերով, նախնական գնային սանդղակով՝ 1000-10 000 դրամի սահմանում: Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի հավաքականից. այն ամբողջական կազմով է ներկայանալու:

«Կարևորը մասնակցությունն է» նշանաբանն այս դեպքում չի գործում՝ շեշտում է փոխնախարարը, հավելում՝ գնում ենք մեդալների հետևից:

Կարեն Գիլոյան - Առնվազն երեք չեմպիոն մենք պետք է ունենանք տղամարդկանց և կանանց պայքարում միասին և թիմային պայքարում էլ պիտ հավակնենք մրցանակային տեղի:

Հայտերը ներկայացնելու վերջնաժակետը լրացավ այսօր: Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ պատրաստ են հյուրընկալել բոլորին, այդ թվում՝ Ադրբեջանի հավաքականին:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր երաշխավորում է մարզիկների ազատ մասնակցությունը և անվտանգությունը:

Loading...