13:51   18-03-2023
Image Description
Հաշվետու տարին դինամիկ էր Հայաստան-ԵՄ և ԵՄ անդամ երկրների տեսանկյունից. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
Թողնել մեկնաբանություն

2022 թվականը դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ և ԵՄ անդամ երկրների տեսանկյունից: 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով Հայաստանում տեղակայվեց ԵՄ  քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը, որը հետագայում վերափոխվեց ավելի երկարաժամկետ ձևաչափի: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը նպաստել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև` ԵՄ և անդամ երկրների` իրավիճակին տեղեկացմանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին:  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել, կայացել են մաքսային հարցերով ենթակոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի, ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի, աշխարհագրական նշումների ենթակոմիտեի, զբաղվածության և սոցիալական, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության, մշակույթի և երիտասարդության հարցերով ենթակոմիտեի, առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի, մարդու իրավունքների շուրջ երկխոսության և արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի նիստերը:

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպական խորհրդի հետ համագործակցության համատեքստում շարունակվել են աշխատանքներն օրակարգի շուրջ, կայացել են մի շարք հանդիպումներ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումները, ինչպես նաև եռակողմ ձևաչափով հանդիպումներ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ:

Փոխնախարարն անդրադարձել է նաև միջազգային տարբեր պատվիրակությունների այցերին, իրականացված ծրագրերին և ստորագրված համաձայնագրերին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք քննարկվում են ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր հեռանկարային հարցեր անվտանգության ոլորտում:

«Անվտանգության ոլորտը նոր ոլորտ է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Մեկնարկը տրվել է այս տարվա հունվարից: Դա նոր ոլորտ է, բայց վստահ եմ շատ օգտակար այս իրավիճակում` պայմանավորված թե՛ ԵՄ առաքելության տեղակայմամբ, թե՛ ԵՄ միջնորդական ջանքերով, ինչպես նաև գլոբալ այլ մարտահրավերներից ելնելով»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման դրական և բացասական ազդեցությունների, տարածաշրջանի պետությունների արձագանքի մասին:

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Իրանն այս հարցի վերաբերյալ բավականին զգայուն, բայց դրական է արձագանքել. «Իրանի դեսպանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում: Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում պատկերն այլ է: Պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք: Սահմանում պրովոկացիաների դեպքերը նվազել են: Բացի այդ, ավելի լայնամասշտաբ պրովոկացիան կանխվեց»,- նշել է  ԱԳ նախարարի տեղակալը:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Loading...