11:43   19-03-2023
Image Description
ԿԳՄՍ նախարարն այցելել է Արարատի ու Կոտայքի մարզերի կրթամշակութային հաստատություններ, ծանոթացել խնդիրներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։

Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և մի շարք այլ հարցերով։

Դվինի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նախարարին ծանոթացրել է կաթողիկոսական պալատների և երկու եկեղեցական կառույցների հիմքերի ամրակայման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են երկու տարի առաջ։

«Դվինի հնագիտական նյութի մի զգալի հատվածը գտնվում է հնավայրում և ժամանակին այստեղ գործող թանգարանում է պահվել։ Կան նյութեր՝ հատկապես ապակին, ջնարակը, հախճապակին, որոնք եզակի են ողջ Մերձավոր Արևելքում։ Դվինի հնավայրը շատ հարուստ է, և մենք պարտավոր ենք դրան համաշխարհային նշանակություն տալ»,- նշել է Համլետ Պետրոսյանը՝ շեշտելով, որ այդ նպատակով համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ, համատեղ ցուցադրություններ և փոխադարձ այցեր կազմակերպում։

Իտալացի հնագետների հերթական խումբը Դվին հնավայր կժամանի առաջիկա օրերին։ Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ նախատեսվում է կառուցել թանգարան ու հնագիտական հանգրվան, և քանի որ այդ տարածքում առկա են բավականին հետաքրքիր հնագիտական գտածոներ, դրանք ևս կփորձեն ներառել թանգարանային ցուցադրության մեջ։

Նախարարին ներկայացվել է, որ մշակութային ժառանգությամբ զբաղվող կադրերի, հնագետների և ազգագրագետների, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների կարիք կա։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ պետությունը կանի հնարավորը՝ աջակցելու Դվին հնավայրում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքին։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Օ․ Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան։ Շաբաթ օրը գրադարանների համար սահմանված է որպես աշխատանքային օր, սակայն նախարարը տեղում արձանագրել է, որ գրադարանի դռները փակ են՝ այսպիսով հնարավորություն չընձեռելով ընթերցողներին օգտվել գրադարանի ծառայություններից։

Loading...