19:37   21-03-2023
Image Description
Մամիջանյանը շեշտում է՝ ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարևորում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթը հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Միրզոյան-Լավրով հանդիպման ժամանակ ռուսական կողմից հնչեցված որոշ մտքերի վերաբերյալ հարցերին:

«Իմ տրամաբանությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սկսի փոխել այն, ինչ իրենից կախված է սկզբի համար, հետևաբար ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա»,-ասաց Մամիջանյանը:

Նա նկատեց՝ Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած զեկույցից էլ պարզ է դառնում, թե այնտեղ ապրող քաղաքացիներն ինչ իրավունքներ ու ազատություններ ունեն:

«Ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի Հայաստանի համար»,-նշեց պատգամավորը:

Ապա պատգամավորը ռուս գործընկերներին փոխանցեց այն, ինչն իր խոսքով, ասում է նրանց հետ գրեթե բոլոր հանդիպումներին՝ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում:

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին՝ Մամիջանյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը դա համարում է չարիք, որովհետև վիրավոր Արցախը չի կարող բանակցել հավասարը հավասարին, առավելապաշտպանությամբ տառապող երկրի հետ:

Loading...