11:29   23-03-2023
Image Description
Քննարկվել են Շիրակի մարզի և Ռումինիայի Կալարաշ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները
Թողնել մեկնաբանություն

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Կալարաշ նահանգի պատվիրակությանը՝ նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեայի գլխավորությամբ։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ Աննա Մարտիկյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության՝ ներկայացնելով մարզի ներուժն ու հնարավորությունները․

«Շատ ուրախ եմ ձեզ մեր մարզում հյուրընկալելու համար, վստահ եմ՝ եթե կա փոխադարձ ցանկություն համագործակցության հիմքեր գցելու, ապա համատեղ ջանքերով կկարողանանք նոր կապեր հաստատել ու գործնական քայլերով առաջ շարժվել։ Շիրակի մարզը մեծ ներուժ ունի թե առաջատար տեխնոլոգիաների, թե զբոսաշրջության, թե գյուղատնտեսության, թե թեթև արդյունաբերության ու մի շարք այլ բնագավառներում, մեր համագործակցության, միմյանց ճանաչելու արդյունքում կկարողանանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում մեր մարզերի զարգացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»։

Կալարաշի նահանգային խորհրդի նախագահի տեղակալ Միհայ Բեստեան շնորհակալություն է հայտնել մարզպետի տեղակալին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ մարզպետարանի պատասխանատուներին ներկայացնելով Կալարշի հնարավորությունները․

«Մեր մարզերի միջև արդյունավետ համագործակցության ապահովման, հնարավորությունների բացահայտման նպատակով ենք այժմ Շիրակում և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեր պատրաստակամությունը ևս։ Կալարաշը Ռումինիայի շինանյութերի, մետաղագործության, տեքստիլի, սննդի և գյուղատնտեսության արդյունաբերական կենտրոններից է ու շատ ուրախ կլինենք, եթե Շիրակի և Կալարաշի միջև համագործակցություն սկսվի»։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Շիրակի մարզի և Կալարաշ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։

Միհայ Բեստեան Շիրակի մարզի պատվիրակությանը հրավիրել է Ռումինիա՝ Կալարաշ նահանգին ծանոթանալու և քննարկումները շարունակելու նպատակով։

Loading...