ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որտեղ նա հայտարարել էր, թե ՀՀ-ն պետք է ընդունի իրենց պայմանները, հակառակ դեպքում խաղաղության ոչ մի պայմանագիր չի լինելու։
Ըստ Փաշինյանի՝ սա այլ կերպ, քան ՀՀ հանդեպ ագրեսիայի ակտ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել։ Վարչապետը հիշեցրեց 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ և 2022թ. հոկտեմբերի 31-ի՝ Սոչիի եռակողմ հայտարարությունները. «Այս հայտարարություններից հետո, որ ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։ Պայմանավորվածությունները խախտելու՝ Ադրբեջանի այս գործելակերպն է, ահա, պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. «Այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական՝ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»։