16:57   27-03-2023
Image Description
Կասկադի ծառերը ենթակա են հատման․ պիտի քննարկենք՝ ինչ ծառատեսակներով ենք փոխարինելու․ Ավինյան
Թողնել մեկնաբանություն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերին։ Փոխքաղաքապետի խոսքով՝ մարզահամերգային համալիրի, Սարալանջի մոտ անտառտնկման աշխատանքներ են իրականացվել, այս տարի Եռաբլուրում է նախատեսված հիմնել մեծ անտառ: «Եթե նույնիսկ դրանից հետո մենք քանդենք Օպերայի սրճարաններն ու կանաչապատենք տարածքը, ամբողջապես վերականգնենք օղակաձև այգին, և այսպես շարունակ, կոմունիկացիոն մեկ սխալի պատճառով այս տեսակի աշխատանքը կարող է ջուրը գնալ։ Եվ այստեղ, կարծում եմ, մենք ունենք որոշակի թերացում։ «Մենք» ասելով՝ առաջին հերթին ինձ նկատի ունեմ։ Սա կոմունիկացիայի հարց է։ Որ այս ծառատեսակները պետք է փոխարինվեն, անկասկած է։ Այս ծառատեսակների փոխարեն թե ինչ պետք է լիներ, թե ինչու է ընտրությունը կանգ առել այն ծառատեսակների վրա, որ առաջարկվել են․․․ Եվ 2500 ծառից ընդամենը 150-ն է սակուրա, բայց լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, որ գնել ենք 2500 սակուրա տեսակի ծառեր»,- նշեց Ավինյանը: Փոխքաղաքապետը հավելեց, որ Կասկադը Երևանի սիրտն է, և այնտեղ ծառերը պետք է փոխարինվեն, բայց թե ինչ ծառատեսակով, պետք է դրվի հանրային քննարկման. «Իրապես, մենք գալիք 50-100 տարվա համար նախանշում ենք, թե ինչ տեսք պետք է ունենա Կասկադը, և այդտեղ երևանցիների կարծիքը պետք է հաշվի առնել»։ Ավինյանը կարևորեց որակյալ անիմացիոն տեսանյութեր ունենալու հարցը, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե ինչ են առաջարկում։


Loading...