20:05   27-03-2023
Image Description
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Չեխիայի Հանրապետության հետ հիմնված են բարեկամության և համերաշխության կապերի վրա:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացներում և հետևողական է Չեխիայի հաջողված փորձին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ըստ նրա` անցած երեք տասնամյակների ընթացքում հաջողվել է զարգացնել միջպետական ջերմ հարաբերություններ ու ներկայում էլ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը Չեխիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ միջխորհրդարանական համագործակցությունը բավականին ակտիվ է: Նա համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը կնպաստեն երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը:

Հայաստանը կարևորում է արդյունավետ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ԵՄ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ ձևաչափերում:

Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և խոսքերի համար: Նա նույնպես կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի շարք միջոցառումներ և փոխայցեր:

Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի խոսքով խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր կարևոր դերն ունի միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերի խորացման համար:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` ընդգծելով, որ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ գտնվում է լիակատար շրջափակման մեջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Loading...