18:47   31-03-2023
Image Description
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում:

Ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն Վոքիե,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր դինամիկա ունեն ոչ միայն բարձրագույն քաղաքական մակարդակում, այլև ապակենտրոնացված համագործակցության տրամաբանության մեջ:

Իհարկե, շատ բարդ ժամանակահատվածում ենք գտնվում, և շատ բարդ ժամանակներ են ապրում մեր երկիրը և տարածաշրջանը: Այս առումով նման այցերը նաև շատ կարևոր բարոյական ուժ և աջակցություն են, այդ թվում՝ քաղաքական: Ուզում եմ հատուկ ընդգծել Ձեր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս և Սյունիքի մարզ կատարած այցելության կարևորությունը և, իհարկե, Ձեր հղած ուղերձները մեր ունեցած իրավիճակների վերաբերյալ:

Կուզենամ լսել նաև Ձեր տպավորություններն այցից:

Հուսով եմ՝ նկատել եք, որ ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ մենք շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում հանրապետությունում, այդ թվում՝ Սյունիքի մարզում. հսկայածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ ենթակառուցվածքներ, որովհետև մեր մոտեցումն այն է, որ ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք:

Վերջերս Սյունիքի մարզում նաև տրվեց Եվրամիության ներդրումային և տնտեսական ծրագրի իրականացման մեկնարկը, ինչը չափազանց կարևոր է: Նաև հույս ունենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության և անվտանգության գործոն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ»:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահն իր հերթին ասել է.

«Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ:

Մենք երկրորդ անգամ ենք հանդիպում, և ես մեծագույն հարգանք եմ տածում այն ամենի հանդեպ, ինչ Դուք անում եք Հայաստանի համար՝ այս շատ դժվարին ժամանակահատվածում: Անցյալ անգամ Ձեր ուժը և Ձեր կամքը՝ շատ կոնկրետ ծրագրերով առաջ գնալու, ինձ շատ էին տպավորել:

Այս այցից իմ տպավորությունների մասին եք հարցնում. նախևառաջ ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար»:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև բազմոլորտ փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները: Այս առումով կարևորվել է Սյունիքի մարզի և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև մարտի 29-ին Համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն շարունակում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը, և այս առումով Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանների միջև փորձի փոխանակումը մեծապես կարևոր են:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Լորան Վոքիեն շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:

Loading...