11:22   01-04-2023
Image Description
ԵՄ-ն պետք է զսպի Հայաստանին ուժով իր կամքը պարտադրելու՝ Ադրբեջանի հետագա փորձերը. Նիդերլանդների Clingendael ինստիտուտ
Թողնել մեկնաբանություն

Նիդերլանդների միջազգային հարաբերությունների Clingendael ինստիտուտը զեկույց է հրապարակել «ԵՄ-ն Հարավային Կովկասում» թեմայով:

Փաստաթղթում նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամական հարաբերություններն ու զինված հակամարտությունը կարևոր տեղ են զբաղեցնում տարածաշրջանային դինամիկայում: Ընդ որում՝ Թուրքիան փորձում է Ադրբեջանի հետ իր ամուր կապերն օգտագործել տարածաշրջանում իր ներկայությունը մեծացնելու համար, ինչպես նաև ուսումնասիրում է Հայաստանի հետ հարաբերությունների համեստ «կարգավորման» հնարավորությունը»:

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանն ավելի հաճախ չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորություններն անվտանգության ոլորտում և առաջնահերթություն է տալիս Ադրբեջանի հետ լավ հարաբերություններին։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Իրանն ու Ռուսաստանն ավելի են ամրապնդում պրագմատիկ գործընկերությունն անվտանգության ոլորտում՝ հիմնված Արևմուտքի նկատմամբ ընդհանուր անտագոնիզմի վրա։

«Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական լարվածություն է թափանցում նաև երկու այլ տարածաշրջաններից՝ Մերձավոր Արևելքից և Հարավային Ասիայից: Իսրայելը հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ՝ Իրանին զսպելու համար, Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն աճում է»,- նշված է պարբերականի հոդվածում։

Հեղինակներն արձանագրել են, որ ռուսական զենքից իր կախվածությանն այլընտրանքներ փնտրելու համարՀայաստանն ավելի հաճախ է դիմում Հնդկաստանին, մինչդեռ Ադրբեջանը ամուր հարաբերություններ է պահպանում Հնդկաստանի տարածաշրջանային մրցակից Պակիստանի հետ:

Ըստ վերլուծաբանների՝ Չինաստանը, որն ավանդաբար քաղաքականապես հեռու է մնացել Հարավային Կովկասից, ավելի ու ավելի է շահագրգռված դեպի Եվրոպա «Միջին միջանցքն» օգտագործել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ շրջանցելու ինչպես Ռուսաստանով անցնող ցամաքային, այնպես էլ ավելի երկար ծովային ճանապարհը:

«Եթե ԵՄ-ն ցանկանում է հաստատվել որպես «աշխարհաքաղաքական դերակատար», նախ պետք է հստակ որոշի, թե իրականում որոնք են իր հիմնական շահերը Հարավային Կովկասում. արտահանել եվրոպական արժեքները լավ կառավարման, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում, նպաստել կայունությանը և անվտանգությանը, ընդլայնել տնտեսական հարաբերությունները, պաշտպանել էներգետիկ ու առևտրային շահերը, զսպել ռուսական ազդեցությունը»,- նշված է զեկույցում:

Հեղինակները խնդիր են համարել այն, որ ԵՄ-ն փորձում է գտնել ընդհանուր ռազմավարություն «այդ երբեմն հակասական քաղաքական նպատակների իրականացման համար և, կարծես թե, ներգրավված է կարճաժամկետ ու ինքնաբուխ գործողությունների մեջ: Ֆինանսական և քաղաքական կապիտալի ներդրումների հաջողությունն ապահովելու նպատակով ԵՄ-ն պետք է մշակի և իրականացնի ավելի ամբողջական և ռազմավարական տեսլական ինչպես տարածաշրջանի, այնպես էլ առանձին երկրների հետ իր հարաբերություններում»:

Հեղինակների կարծիքով՝ ԵՄ-ի համար իր տարածաշրջանային ազդեցությունն ուժեղացնելու թերևս ամենադժվարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն աջակցելն է: Նրանք նաև նշել են, որ Մոսկվան ակտիվորեն փորձում է ԵՄ-ին հեռացնել գործընթացից, սակայն նրա՝ որպես Հայաստանի անվտանգության մատակարարի հեղինակությունը նվազել է։

«ԵՄ-ն մոտ է համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն դեռևս բախվում է մի քանի խոչընդոտի: Դրանցից առաջինը և ամենադժվարը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագային։ Բացառելով այս հարցը երկկողմ խաղաղության պայմանագրից՝ ԵՄ-ն չպետք է աչք փակի էթնիկ հայերի ճակատագրի վրա: ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա՝ միջազգային վերահսկողության տակ գտնվող մեխանիզմ ստեղծելու համար, որն իրապես կերաշխավորի հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները։ Երկրորդ կետն Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումն է, որը Հայաստանում անվտանգության հետ կապված մտահոգություններ է առաջացնում: Դա կապված է բուն հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և, մասնավորապես, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ»,- նշել են հոդվածագիրները:

Ըստ նրանց՝ ԵՄ-ն պետք է զսպի Հայաստանին ուժով իր կամքը պարտադրելու՝ Ադրբեջանի հետագա փորձերը:

«ԵՄ-ն քիչ հնարավորություններ ունի Ռուսաստանին փոխարինելու որպես խաղացողի Հայաստանի անվտանգության և տնտեսության ոլորտում։ Չնայած Ռուսաստանից հայերի խոր հիասթափությանը՝ Կրեմլն ամուր պահում է Հայաստանը՝ օգտագործելով իր գերազանցությունը անվտանգության, էներգետիկայի և ԶԼՄ-ների ոլորտներում։ Հայաստանի հետ Ռուսաստանի անհավասար գործընկերությունը գնալով վերածվում է զսպաշապիկի։ ԵՄ-ն պետք է կառավարի «արագ որոշումների» վերաբերյալ Հայաստանի ակնկալիքները և միաժամանակ երկար դերակատարություն ունենա՝ օգտագործելով Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) կառուցվածքը»,- եզրափակել են հեղինակները։

Loading...