Միջազգային ճգնաժամային խումբը նոր զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ և քննում է ներկայումս տիրող իրադրությունը։ Զեկույցը, ի թիվս ԱՄՆ-ի հնարավոր քայլերի ու Նախիջևան տանող ճանապարհի հարցում Բաքվի դիրքորոշման անդրադարձի, ներկայացնում է Բաքվի դիրքորոշումը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման վերաբերյալ։
Զեկույցում նշվում է, որ Բաքուն, ըստ երևույթին, դիտարկում է անցակետը որպես իր ձեռքից դուրս մնացած ԼՂ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոց: Իրոք, ադրբեջանցի մի պաշտոնյան «Crisis Group»-ի հետ զրույցում այդ քայլը բնութագրեց որպես «ինքնիշխանության վերականգնում»: Մեկ այլ ադրբեջանցի պաշտոնյա հայտնել է, որ Բաքուն կօգտագործի նոր անցակետը Լեռնային Ղարաբաղը «դիտարկելու, վերահսկելու և ազդելու համար»:
Թեև Ադրբեջանը համաձայնել էր ռուս խաղաղապահների կողմից միջանցքի հսկողությանը՝ որպես 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի մաս, այժմ ակնհայտորեն գոհ չէ պայմանավորվածությունից։ Ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար վրդովմունք են հայտնում այդ տարածքի նկատմամբ իրենց լիազորությունների բացակայության կապակցությամբ:
Չնայած ռուսական զորքերը Բաքվի հետ կիսում են Լեռնային Ղարաբաղ անցնող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները, Ադրբեջանը ցանկանում է, որ միայն ինքը վերահսկի, թե ով է մտնում և դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից։ Անցակետը, թեև չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ամբոջական ազդեցություն և վերահսկողություն, սակայն, քայլ է այդ ուղղությամբ»։