10:33   31-05-2023
Image Description
Վահե Ղազարյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել Ներքին գործերի նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է երկկողմ սերտ հարաբերություններին և ներկայացրել դեսպանության ներկայիս ծրագրերը։ Նիկոլաս Սխերմերսը նաև անդրադարձել է համագործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացված աշխատանքներին։

Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ վերջին շրջանում ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման գործընթացի և ենթակա երեք ծառայություններում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարի, ծառայություններում կանանց ներգրավվածության, մի շարք ոլորտներում կրթական ծրագրերի և փորձի փոխանակման, ինչպես նաև փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայություններին վերաբերող հարցեր և պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Loading...