13:26   31-05-2023
Image Description
Ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առաջնային բրենդը. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Այդ մասին Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ի ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որը առկա է հանրության շրջանում, իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել»,- ասաց Փաշինյանը և հույս հայտնեց, որ ի վիճակի կլինեն այս հարցին դրական պատասխան տալ:

ՀՀ վարչապետը նաև վստահեցրեց, որ ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առաջնային բրենդը, իսկ վերջինիս տարածման համար նպատակ կա ապահովել ինստիտուցիոնալ նախադրյալներ:

«Ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առաջնային բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը, և այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին, որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է ապահովելու մարդու բարեկեցությունը և երջանկությունը: Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը ՀՀ-ում լինի բարեկեցիկ, լինի պաշտպանված, լինի երջանիկ և կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև երկրի բարեկեցությունը»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ ֆորումն անցկացվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ջանքերով: Ֆորումին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Loading...