18:12   31-05-2023
Image Description
«Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են». Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի  ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են։

«Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն ու մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էի՝ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք ու անհրաժեշտություն էլ չունի, բայց այն փաստը, որ «Ժողովրդավարության հայկական ֆորումն» առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 թվականին, ոչ թե 2019-ին, կարծում եմ՝ բավականին խոսուն փաստ է», - ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Նա շեշտել է, որ սա իրենց համոզմունքն է ու ռազմավարությունը. «Ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որն այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ ու կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ ու խորը պրոբլեմներ կունենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենածանր ու վճռական պահին եկավ մեզ օգնության»։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա. «Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են ու այդ վտանգները հանրահայտ են ու տեսանելի բոլորին»։

Loading...