«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցչի հետ։
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են պայմանագրային մի շարք կետեր, մասնավորապես, ծառայությունների մատուցման ժամկետների, խորհրդատուի աշխատակազմի, պայմանագրի իրավական և ֆինանսական կողմերի հետ կապված հարցեր։
Բանակցությունների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը, որը հաստատման կներկայացվի ֆինանսավորող կողմին՝ Ասիական զարգացման բանկին, և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։
Մրցույթի արդյունքում նախագծման ծառայությունների մատուցման միջազգային պայմանագիր է կնքվելու Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով։ Նշված ծառայությունները, ըստ պայմանագրի, ընկերությունը պետք է իրականացնի 6 ամսվա ընթացքում։