ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, համաձայն որի, պաշտոնական այցով ՀՀ ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինները և ներկայացուցիչները կարող են զենք ներկրել, արտահանել, կրել։
Օտարերկրյա անվտանգության ծառայության աշխատակիցների անձնական տվյալների, վերջիններիս Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի ժամկետների, նրանց զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի, այդ թվում՝ ներկրվող (արտահանվող) զենքի յուրաքանչյուր միավորի համար ռազմամթերքի քանակի վերաբերյալ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գրությամբ այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
ՊՊԾ-ն ներկրվող զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի հետ կապված անհամաձայնության դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ իր հերթին անմիջապես հայտնում է այցելող կողմին:
Ըստ որոշման, արտահանվող և թույլտվության մեջ նշված զենքի քանակի, տեսակների, համարների, տրամաչափի անհամապատասխանության դեպքում զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև այցելող կողմի կողմից անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելը:
Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի իմաստով պահպանվող օբյեկտում զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը) իրականացվում է ՀՀ պետական պահպանության ծառայություն հսկողությամբ: