17:29   06-06-2023
Image Description
Երևանի մետրոպոլիտենն ունի բավականին մեծ գումարի կապիտալ ծախսերի կարիք
Թողնել մեկնաբանություն

Երևանի մետրոպոլիտենն ունի բավականին մեծ գումարի կապիտալ ծախսերի կարիք, քանի որ այն 1980-ականներին է կառուցվել: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում թարմացվել է շարժակազմը, և քննարկվում է այն ավելացնելու թեման:

«Երևանի մետրոպոլիտենում վերջերս տեխնիկական աուդիտ է իրականացվել, և այդ տեխնիկական աուդիտի հիման վրա մեզ համար կա արդեն ձևավորված տեսլական ապագա ծախսերի մասով, և բավականին մեծ կապիտալ ներդրումներ են պահանջվում»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ նախորդ տարի իրականացվել է օդափոխության համակարգի արդիականացում, նոր համակարգ է ներդրվել, քանի որ օդափոխության նախկին համակարգը կառուցվել էր 1980-ականներին, ամբողջովին ժանգոտված էր ու չէր գործում:

«Քանի որ չէր աշխատում օդափոխության համակարգը, Երևանի մետրոպոլիտենում օդի խոնավության աստիճանը 100 տոկոս էր, որը նաև որոշակի առումով վտանգավոր էր սարքավորումների մասով»,- ասաց նա և ընդգծեց, որ դա կարող էր անվտանգության մասով խնդիրներ առաջացնել. «Վերջին տվյալներով՝ խոնավությունը մոտ 70 տոկոս է, նորմերի մեջ է, սահմանների մեջ է, և այստեղ մենք ունենք մեծ առաջընթաց»:

Լևոն Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում «Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» կայարաններում ջրհեղեղ էր լինում, մետրոպոլիտենի գծերի տակ ստորգետնյա ջրերը հոսում էին թունելով մեկ, և խնդիրի լուծման համար կառուցվել է նաև դրենաժային թունել:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ մետրոպոլիտենի ուղևորահոսքի մեծ աճ կա: Ինչ վերաբերում է «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, ապա այս տարի ամբողջովին կավարտվեն նախագծային աշխատանքները, ինչից հետո վերջնականապես պարզ կդառնա, թե ինչքան գումար է պետք դրա կառուցման համար:

Ըստ Հովհաննիսյանի՝ այդ կայարանի կառուցումից հետո նույնպես կգրանցվի ուղևորահոսքի շատ մեծ դինամիկա:

Loading...