18:51   07-06-2023
Image Description
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ընդգծել Հայաստանի Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ համագործակցության ընդլայնումը:

Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

«Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ նաեւ այն փաստը, որ Գերմանիան ԵՄ այն 6 երկրների շարքում է, որոնք Եվրոպական ներդրումային բանկի հետ միավորել են ջանքերը՝ ի շահ Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը:

Ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: ԱԺ փոխխոսնակի խոսքով Ադրբեջանի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին եւ կոպտորեն խախտում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը. «Պարո՛ն Ռոթ, սկզբում դա արհեստածին բնապահպանական ակցիայի բնույթ էր կրում, սակայն ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն անցակետ է տեղադրել եւ պաշտոնապես շրջափակել Լաչինի միջանցքը»:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների մասին. «Հույս ունենք, որ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոփոխվում. օրեր առաջ սնունդ մատակարարելու ընթացքում առեւանգվել է երկու հայ զինծառայող, որոնց նկատմամբ Ադրբեջանում հարուցվել են կեղծ քրեական գործեր:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

«Ցանկանում եմ Հայաստանի անունից ողջունել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Գերմանիայի ջանքերը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Կարեւորելով մեր երկրում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ այդ որոշմանն աջակցելու կապակցությամբ:

Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը՝ Հակոբ Արշակյանը ողջունել է Գերմանիայի ջանքերը հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ողջույնները՝ նշելով, որ վերջինս կարեւորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական, այլ նաեւ միջխորհրդարանական մակարդակում:

Միխայել Ռոթը համաձայնել է հայ խորհրդարանականների այն տեսակետի հետ, որ տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի: Նա կարեւորել է թե՛ Եվրամիության, թե՛ Գերմանիայի կառավարության աջակցությունը գերիների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ապահովման հարցում:

Ռոթը նշել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը եւ անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում: «Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, եւ միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը եւ իրավունքները, չհանդուրժվի որեւէ էթնիկ զտման վտանգ»,- կարծիք է հայտնել գերմանացի օրենսդիրը:

Loading...