19:17   08-06-2023
Image Description
Հայաստանն ուսումնասիրում է առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը ՄԻԵԴ-ին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի տարածքից առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուսումնասիրության փուլում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ տեղեկության մասին ներկայացվել է զինծառայողների հարազատներին:

«Այս պահին ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը երկու հայ զինվորականների վերաբերյալ: Տեղեկատվության մասին ներկայացրել ենք նաև իրենց հարազատներին: Ուսումնասիրելուց հետո մինչև հունիսի 16-ը Եվրոպական դատարանին կներկայացնենք մեր մեկնաբանությունները՝ կապված այդ տեղեկատվության հետ: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ապահովենք մեր հայրենակիցների պաշտպանվածությունը բոլոր առումներով»- ասել է Կիրակոսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը՝ Կիրակոսյանը նշել է, որ հունիսի 5-ին տարածված տեսանյութում իրավական խնդրահարույց տեսանկյուններ կան: Նա ընդգծել է՝ անհրաժեշտության դեպքում հաջորդիվ այն կօգտագործվի իրավական գործընթացներում:

Loading...