10:06   22-09-2023
Image Description
Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. Բերբոք
Թողնել մեկնաբանություն

Չափազանց շատ մարդիկ են սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից: Ադրբեջանն ընտրել է տեղում ռազմական ուժով իրավիճակ փոխելու ճանապարհը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը:

«Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս վերջնականապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն բռնությւոնը պետք է դադարի: Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- ասել է Բերբոքը: Նա հավելել է, որ Ղարաբաղից հայերի հարկադիր արտագաղթն անընդունելի է:

Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է դրվի հարցականի տակ:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ է պահել Լեռնային Ղարաբաղը: Բերբոքի խոսքով՝ Բաքուն, որը հավաստիացնում էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, խախտեց իր խոստումը: Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտեց Լաչինի միջանցքը բաց պահելու կարևորությունը:

Միևնույն ժամանակ, Բերբոքն ընդգծել է. «Որևէ երկիր չպետք է օգտագործի այս իրավիճակը՝ Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու նպատակով»:

Loading...