Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին։ Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ավելի քան 10․000 մարդ հարկադրաբար տեղահանվել է։ Այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ, 21-րդ դարում։ Ադրբեջանի աչքերում ԼՂ-ում գտնվող երեխաներն ահաբեկիչներ են, նրանց գործողությունները՝ հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին, ԱԹՍ-ներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների դեմ»,- նշել է Միրզոյանը։
Նա նշել է, որ այս ամենը կանխատեսելի էր․ երկար ժամանակ է ահազանգում ենք, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել։
«Միամտություն կլիներ կարծել, թե այս ամենը նախապես պլանավորած չի եղել։ Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար, դիտավորյալ։ Սա ողբերգության վերջին արարն էր։ Երբ 2022-ի դեկտեմբերին ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Որոշումները չհարգվեցին Ադրբեջանի կողմից, և կրկին խորհուրդը չարձագանքեց։ Միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացումներին»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա էլ այս դահլիճում շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։
«Այս մոտեցումը և այս եզրաբանությունն այլևս կիրառելի ու տեղին չեն։ Չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է իր պահանջները ԱԽ-ին․
Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը։
Պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում։
Անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում։
Ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կամզակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը։
Ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ։
Ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում և 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերադարձը իրենց տներ ԼՂ-ում։
Ապահովել կենսական պարագաների մատակարարման վերականգնումը։
Անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմանի ազատ տեղաշարժը։
Պահանջել ադրբեջանական ռազմական մարմինները դուրս գան ԼՂ բնակավայրերից։
Բացառել պատժողական գործողությունները ԼՂ քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ
Հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայությունը ԼՂ-ում։