16:11   25-09-2023
Image Description
Ռուս խաղաղապահները փաստացի Ադրբեջանի տարածքում են. Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, մերձավոր պետությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը՝ շեշտելով, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: «Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի հետ, մենք կշարունակենք նաև աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Նա անդրադարձել է ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ ռուս խաղաղապահները կարող էին կանխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները և իրենց բաժին պատասխանատվությունն ունեն կատարվածի համար։ «Մենք հասկանում ենք այս պահի էմոցիաները, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի, կամ առավել ևս՝ ռուս խաղաղապահների վրա դնելու փորձի հետ, որոնք իրական հերոսություն են ցուցաբերում՝ մանդատի համաձայն իրականացնելով իրենց գործառույթները։ Խաղաղապահներին ոչ ոք չի կարող ասել, թե նրանք ինչ-որ սխալ են անում: Մենք երբեք չենք համաձայնի այդ նախատինքի հետ»,- նշել է նա:

ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցը դեռ լուծված չէ: «Նրանք այժմ փաստացի Ադրբեջանի տարածքում են: Բաքվի հետ շփումները շարունակվում են, խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում և ներկա են այն բանակցություններին, որոնք արդեն սկսվել են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև»,- նշել է նա։

Պեսկովն անդրադարձել է նաև Էրդողան-Ալիև սպասվող հանդիպմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովելու անվտանգությունն ու կարգավորելու կյանքը Ղարաբաղում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ինքնիշխան երկրներ են և օգտագործում են համագործակցությունը զարգացնելու իրենց ինքնիշխան իրավունքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հնարավոր հանդիպմանը, Պեսկովը նշել է, որ նման ծրագրեր դեռ չկան:

Loading...