17:34   25-09-2023
Image Description
Արդարադատության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու այդ ուղղությամբ համագործակցությունը
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, քանի որ այն առաջին պետություններից էր, որը տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ ուղիղ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով վերջինիս հանցավոր գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Նախարարը կարևորել է նաև սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը գումարելու Ֆրանսիայի նախաձեռնության, ինչպես նաև սույն նիստի շրջանակներում Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշման համար։
 
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է նաև սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հնչեցրած վերահաստատումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և այդ ուղղությամբ Ֆրանսիայի աջակցության պատրաստակամության վերաբերյալ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն իրապես մտահոգիչ է: Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ ֆրանսիական կողմը արձանագրել և տարբեր խողովակներով դատապարտել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և ապօրինի գերեվարումների դեպքերը:
 
Նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև Երևանում ընթացող ցույցերին ու անհնազանդության ակցիաներին: Քննարկվել են այս գործընթացների արտաքին ազդեցության հանգամանքները: Անդրադարձ է կատարվել նաև ցույցերի ընթացքում գործադրվող ոստիկանական գործողություններին և դրանց հետևող իրավական գործընթացներին: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայում գործում են հանրային կարգի պաշտպանության դոկտրին և դրա վերահսկողության մեխանիզմներ, որոնց վերաբերյալ ֆրանսիական կողմն ուրախ կլինի կազմակերպել փորձի փոխանակում:
 
Անցնելով օրակարգային հարցերին՝ կողմերը քննարկել են ընթացող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Դեսպան Դըկոտինյին բարձր է գնահատել արդարադատության նախարարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված այդ օրակարգի հետևողական իրականացման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, նշելով, որ այդ զարգացումները կարևոր են ոչ միայն ժողովրդավարական բարեփոխումների այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման ենթատեքստում:
 
Երկուստեք կարևորվել են արդարադատության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ունեցած ամուր գործընկերությունը և վերջին տարիներին Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերն ուղղված Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդմանն ու դատաիրավական բարեփոխումների և արդարադատության մատչելիությանը:
 
Կողմերը քննարկել են նաև արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, մասնավորապես համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը նախարարության գործառույթների շրջանականերում:
Նախարարն ու դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը: Քննարկվել է նաև Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացն ու այս համատեքստում փորձի փոխանակման հնարավորությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին: Նախարարը նշել է, որ ներկայիս օրենսդրությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին:
 
Նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ:

Loading...