Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։
Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր: Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։
Կողմերը դիտարկել են Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին Հնդկաստանում գործող շինարարական ընկերությունների մասնակցության և Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Քննարկվել են նաև երկու պետություններում կայանալիք ոլորտային ցուցահանդեսներին մասնակցության և համատեղ համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակներով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ներուժին և հեռանկարներին։
Երկուստեք կարևորելով ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հաստատումը՝ որոշվել է շարունակել պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քննարկումները։