Աշխատել չի ստացվում. քաղաքապետարանը խոչընդոտում է: 17 տարի շինարար աշխատող Արսենը (անունը փոխված
է) դժգոհում է, որ քաղաքային իշխանությունն արհեստական ձևերով սահմանափակում է գերեզմանատներում
շինաշխատանք իրականացնողների գործունեությանը:
Արսենը միակ բողոքողը չէ: Նրա շատ գործընկերներ նույնպես մատնանշում են այս խնդիրը: «Ժամեր են բերել դրել, որ այդ ժամերին աշխատենք:
Ասում են, որ պիտի գերեզմանատան վարիչի հետ խոսենք, թույլ տա, նոր կարողանանք աշխատել
»,-բողոքում է Արսենը:
Երևանի քաղաքապետարանը շինաշխատանքների համար սահմանել է հատուկ կարգ: Այն, սակայն, անմշակ է թվում: Օրինակ՝ քաղաքապետարանը չունի տվյալ տարածքում վերահսկողություն,
հետևաբար չի կարող հետևել կարգի
պահպանմանը:
Գերեզմանատներում շինարարական աշխատանքներ կատարելու
համար ավագանու սահմանած կարգում, մասնավորապես
ասվում է. «Կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման նպատակով՝ գերեզմանատների
շահագործման ապահովումն իրականացվում է գերեզմանատների վարիչների միջոցով: Գերեզման
օգտագործողին՝ իրեն հատկացված գերեզմանի սահմաններում գերեզմանների, գերեզմանատեղերի
բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ կատարելու համար Կազմակերպության
տնօրինության անունից համաձայնություն տալիս է տվյալ գերեզմանատան վարիչը (կամ տվյալ
գերեզմանատան վարիչի իրավունքները և պարտականություններն իրականացնող անձը)»։
Փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետարանը տարածեց մի
տեսանյութ, որտեղ «Բնակչության
հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա
Նազարյանն իր խոսքում նշեց, որ շինաշխատանքներ կատարող մասնագետներն ու անհատները աշխատանքների
կատարման ժամային սանդղակը պետք է համաձայնեցնեն գերեզմանատների վարիչների հետ: Սրան
զուգահեռ հայտարարեց՝ ժամը 20:00-ից հետո գերեզմանատներ մուտքն ավտոմեքենաներով արգելում
է:
Հրաչյա Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե շինարարը լիցենզավորված չէ,
իրավունք չունի աշխատելու այդ ոլորտում: Մինչդեռ մի քանի օր առաջ քաղաքապետարանի
տարածած տեսանյութում պարզ տեսքտով հնչել է, որ շինարարները կարող են կատարել շինաշխատանքներ,
եթե միայն հստակեցում լինի գերեզմանատան վաիչնի հետ:
Նույն տեսանյութում Նազարյանը շեշտում էր, որ շինարարությամբ զբաղվող մասնագետները գերեզմանի
բետոնային աշխատանքներ իրականացնելիս չափերի խախտումներ են թույլ տալիս: Մինչդեռ շինարարներն,
ովքեր մեզ հետ զրույցում չցանկացան բացահայտել իրենց տվյալները (աշխատանքը վտանգի տակ
չդնելու նպատակով) պնդում են, որ շինաշխատանքներն իրականացնելիս սահմանված չափերից
շեղումը ի վնաս է շինարարին, քանի որ նա իր հաշվին
պետք է դա իրականացնի, այլ ոչ թե պատվիրատուի:
Այսպիսով՝ Երևանի
գերեզմանատներում շինարարական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր բաց են մնում: Խնդիրը թվում է՝ խորապես ուսումնասիրված և հղկված չէ: Մի կողմից Քաղաքապետարանը կարծես թե փորձում է կանոնակարգել և լիցենզավորման միջոցով վերահսկել ոլորտը: Մյուս կողմից շինարարներին փոխանցվող տեղեկությունն իրարամերժ է և կծկտուր: Մտահոգիչ է նաև այն, որ քաղաքային իշխանությունները փորձում են փոխել շինարարների աշխատանքի ընթացակարգը առանց նրանց հետ հարցերը քննարկելու:
Շինարարների բողոքից պարզ է դառնում, որ փաստացի չկա արդյունավետ հաղորդակցություն
և համագործակցություն
շինարարների, գերեզմանատան կառավարիչների և քաղաքային իշխանությունների միջև: Իսկ սա էական
նշանակություն ունի նշված խնդիրները լուծելու և գերեզմանների կառուցման նախագծերի օրինական
ավարտումն ապահովելու համար:
Ալբերտ Ավետիսյան