Մայրաքաղաքում շարունակվում է «Երևանում կենսունակության ավարտին
մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր
ծառերով» ծրագիրը։ Քաղաքապետարանը տեսանյութ էր տարածել, որում մասնավորապես ասվում
էր.
«Երևանում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում
հատվեց 300 մանրատերև թեղի, փոխարենը տնկվեցին 350 նոր ու ֆունկցիոնալ ծառեր»:
Արդյո՞ք նշված 300 ծառերն ունեին փոխարինման կարիք և այս փոփոխությունները քաղաքին
ավելի շատ օգնու՞մ են, թե՞ վնասում: Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Գործարար
ալիքի» լրատվական բաժինը զրուցել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մարիամ Ավագյանի հետ:
«Այն, որ Երևանի կանաչապատումը շատ վատ և քիչ է արված, որ քաղաքը խեղդվում է քաղցկեղածին
փոշու մեջ՝ կարծում եմ պետք է ահազանգ լիներ իշխանությունների համար, որպեսզի հատկապես
պարտվողական պատերազմից հետո մեր ազգաբնակչության առողջության համար հոգ տարվեր»,
-«Գործարար ալիքի» հետ զրույցում նշում է Մարիամ Ավագյանը՝ ավելացնելով, որ մայրաքաղաքի
ծառերը զբոսաշրջության համար էլ լավ վիճակում չեն, և այդ հարցը պետք է լուծել քաղաքապետարանում:
Բնապահպանը խնդրահարույց է համարում առանց այն էլ վատ վիճակում գտնվող ծառերի հատումն
ու փոխարինումը՝ դրանք ավանելով «բիզնես-ծրագիր»:
«Իրենք բացարձակ միտք չունեն Երևանի կանաչ տարածքը թարմացնելու, առողջացնելու, ընդլայնելու:
Իրենք բիզնես֊ծրագիր են սպասարկում, ոտնահարելով բոլոր տեսակ օրենսդրական պահանջները,
առնվազն փորձաքննության անցկացումը», -կարծիք է Մարիամ Ավագյանը:
Նա ընդգծում է՝ «Այս տգետ կանաչապատման ծրագիր իրականացնելը հակամարդկային է»:
Մարիամ Ավագյանը մտահոգիչ է համարում նաև նոր ներկրվող ծառերի հետ զուգահեռ առաջ եկող
խնդիրները: Նա կարծում է, որ ներկրվող ծառերն իրենց հետ բերելու են նոր մակաբույծեր,
որոնք մեր տարածաշրջանում հնարավոր է ագրեսիվ դրսևորվեն: Դա իրատեսական վտանգ է մայրաքաղաքի
համար:
Անի Էվինյան