ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:
Զանգվածային լրատվամիջոցներում տարածված այս տեղեկության մեջ, սակայն, չի նշվում Նիկոլ
Փաշինյանը չի մասնակցում իր ցանկությունից ելնելո՞վ, թե՞ հրավերի բացակայության պատճառով:
Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Գործարար ալիքի» լրատվական բաժինը զրուցել
է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
«Այն՝ ինչի մասին ՀՀ իշխանությունները հպարտ քաղաքացու դեմքով ասում են, որ Փաշինյանը
չի գնալու Պուտինի երդմնակալությանը, հերթական մանիպուլացիան է: Իրեն ոչ մեկ չի էլ
հրավիրել», -մեզ հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգը, նշելով, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը
առհասարակ ոչ մեկին չեն հրավիրել, քանի որ ըստ ռուսական արարողակարգի՝ երդմնակալությունը
նման հրավերներ չի ենթադրում: ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցում են միայն այդ
երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները:
«Սովորական սուտ է, որը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի 8 տոկոսանոց ընտրազանգվածի մոտ տպավորություն
թողնել, որ նա այնպիսի «крутой» է, որ կարող է Պուտինի երդմնակալությանը չգնալ, եթե
իրեն հրավիրում են», -նշել է Վիգեն Հակոբյանը, հավելելով, որ մի շարք Արևմտյան երկրներ
հայտարարել են, որ չեն մասնակցելու, ներկայացուցիչ չեն ուղարկելու և իրենք այդպես իրենց
վերաբերմունքն են արտահայտել ՌԴ նախագահի նկատմամբ:
Վերլուծաբանը եզրափակելով ասել է, որ եթե հայտարարվեր, որ ՀՀ-ն ընդհանրապես հրաժարվում
է երդմնակալությանը դիվանագետին էլ ուղարկել՝ դա կլիներ քաղաքական մոտեցում, անկախ
նրանից լա՞վ է, թե՞ վատ, ընդունելի՞ է, թե՞ ոչ: