Հայոց առաջին հանրապետությունը ստեղծվեց երկու խոշոր՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների փլուզման արդյունքում: Անկախությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին:
Դա մի ժամանակ էր, երբ աշխարհը, կարծես, փուլ էր գալիս: Առաջին աշխարհամարտի հետցնցումները, կայսրությունների ավերակներում դեռ չմարած կրակները: Բազմաթիվ գաղթականներ, որբեր և պարզապես խենթացած մարդիկ, ում ցեղասպանության ալիքը բերել և նետել էր Արևելյան Հայաստանի հյուծված գիրկը: Սով էր, համաճարակ, ենթակառուցվածքների բացակայություն… Եվ այս ամենի մեջ պետական գործիչները պետք է փորձեին խելամիտ արտաքին քաղաքականություն վարել: Մենք չունեինք փորձ, չունեինք դաշնակից, չունեինք լավ զինված ուժեր: Կար միայն ապրելու կամք:
Առաջին հանարպետությունը մեզ թողեց խորհրդանշաններ, պատմություն և փորձ: Այսօր թերևս եկել է ժամանակը հետհայացք գցելու և սեփական սխալներից հետևություններ անելու համար: