Հուլիսի 1-5-ը Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղում անցկացվել է «Նկարչական արշավ» ծրագիրը:
Սա կոթեցի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող
Էդմոնդ Խաչիկյանի երկրորդ նախաձեռնությունն է, որն իրականացրել է «Հայաստանի մանուկներ
հիմնադրամի» համայնքային ծրագրերի շրջանակում:
Էդմոնդ Խաչիկյանը նշում է, որ ծրագիրը նպատակ ուներ մասնակիցներին տրամադրել նկարչության
հիմունքների և տեխնիկայի մանրակրկիտ պատկերացում՝ ոչ ֆորմալ միջավայրում, որը հաջողվել
է: Մասնակիցները հնգօրյա ծրագրի շրջանակում, տեսական գիտելիքներ ստանալուց բացի նաև
արշավել են, ստեղծագործել գյուղի տարբեր հատվածներում:
«Դասընթացի շրջանակում յուրաքանչյուր մասնակից ակտիվորեն ներգրավվել է, զարգացրել ստեղծագործական
հմտությունները: Մասնակիցները հիմնականում պատկերել են կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ, գունային ֆոներ և բնապատկերներ, իսկ «Նկարչական արշավը» ամփոփվել է ցուցահանդեսով», -ասում է ծրագրի ղեկավարը և հավելում, որ համայնքային կյանքի զարգացումը, տարբեր նախաձեռնություններով հանդես գալը կարևոր են, քանի որ երեխաները տաղանդավոր են, պետք է նրանց բացահայտել և ոգեշնչել:
Ցուցահանդեսին ներկայացվել են երեխաների աշխատանքները, որին ներկա է գտնվել նաև Կոթիի՝
Շ.Շահնազարյանի անվան դպրոցի նկարչության ուսուցիչ Կարո Բեջանյանը: Նա նշում է, որ
նման ծրագրերը ողջունելի են, քանի որ արվեստը ազդեցություն է, որը զգալով, տեսնելով
երեխաները ձգտում են ավելին անել:
Երեկոն ամփոփվել է կիթառային կատարումներով:
Անի Էվինյան