18:00   13-11-2024
Բուհերի ապաքաղաքականացում՝ խոստու՞մ, թե վտանգ
Թողնել մեկնաբանություն

Բուհական համակարգը  պաշտպանված չէ արտաքին միջամտությունից, ենթակա է քաղաքականացման վտանգին, կառավարման  համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների և հավասարակշռված կառավարման տեսանկյունից  խնդրահարույց է: Այս հիմնավորմամբ է ԿԳՄՍ նախարարությունը «Բարձրագույն կրթության և
գիտության մասին»
նոր օրենքի նախագիծ դրել հանրային քննարկման։ Նախագիծն ուսումնասիրած
կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է՝ այն ավելի է մեծացնում արտաքին միջամտության
ու բուհերի քաղաքականացման ռիսկը։ 

Նախագծով բուհերը  կկառավարեն հոգաբարձուների խորհուրդը, ակադեմիական խորհուրդը, կառավարման գործադիր  մարմինը՝ ռեկտորը (տնօրեն, պետ):

Օրինագծում,  սակայն, հստակեցված չէ հոգաբարձուների խորհրդի նկարագրությունը, արդյոք խորհրդի անդամները
պետք է լինեն կամ չլինեն քաղաքականությամբ զբաղվողներ։ Այնինչ, կառավարման մյուս օղակի՝  ակադեմիական խորհրդի հիմնավորման մեջ հստակ սահմանված է, որ խորհրդի անդամը չի կարող  համարվել քաղաքական որևէ կուսակցության անդամ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ: 

Կրթության մագիստրոս  Խաչիկ Աբաջյանը հարց է բարձրացնում՝ ինչու՞ այդ հստակեցումը չկա  բուհի  կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների  խորհրդի դեպքում, քանի որ այդ օղակում են կայացվում կառույցի համար կարևորագույն որոշումները:

Աբաջյանը նշում է, օրինակ՝ հոգաբարձուների խորհուրդն է հաստատում բուհի  բյուջեն ու ծախսերի պլանավորումը, հաստիքացուցակը, բուհի ռեկտորի ընտրությունն ու վերջինիս  գործունեության տարեկան հաշվետվությունը և այլ կարևոր որոշումներ։ 

Իր հերթին Կրթության փորձագետ  Ատոմ Մխիթարյանը մտահոգություն է հայտնում, որ առանց այդ  էլ ոչ այդքան անկախ ԲՈԻՀ-ը լիովին կդառնա վերահսկելի։

«Հոգաբարձուների խորհուրդներում այս պահին առնվազն 25 տոկոս  Կառավարության և 25 տոկոս  լիազոր մարմնի կողմից նշանակվող անդամներ են, որն այս դեպքում  ԿԳՄՍ նախարարությունն է։ Ստացվում է, որ այդ ամբողջական կառավարման  փաթեթը գալու է  «վերևից», -ասում է Մխիթարյանը:   

Փորձագետը նկատում  է՝ եթե հոգաբարձուների խորհրդում սովորող անդամները պետք է լինեն փոքրամասնություն,
ռեկտորն էլ ընտրվի մեծամասնության՝ նույն ինքը Կառավարության և ԿԳՄՍ նախարարության  նշանակած մարդկանց կողմից, ըստ էության նա կախվածության մեջ է լինելու իշխող քաղաքական  ուժից:

Առանց այս օրինագծի ընդունման էլ այժմ տարբեր  բուհերի հոգաբարձուների խորհուրդներ ղեկավարում են ՔՊ-ական կամ քաղաքական պաշտոններ  զբաղեցնող անձինք։ 

Օրինակ՝ 
ԵՊՀ – Սուրեն Պապիկյան, ՀՀ Պաշտպանության նախարար

ՀՊՏՀ – Վահագն Խաչատուրյան, ՀՀ նախագահ, ի դեպ
Սահմանադրությունն արգելում է նախագահին որևէ այլ պաշտոն զբաղեցնել

ՀԱՊՀ – Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետ

ՀՊՄՀ – Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ նախարար

ՀՀ ՊԿԱ – Արայիկ Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի
ղեկավար

ՀՀ ՖԿՍՊԻ – Կարեն Գիլոյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԳՊԱ – Դանիել Դանիելյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀԱԱՀ – Սարգիս Խանդանյան, Աժ պատգամավոր

Նախագծի քննարկումներին  մասնակցած Ազգային ժողովի գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը  մինչդեռ փորձագետների մտահոգություններին ի պատասխան վստահեցնում է՝ իշխանությունների
նպատակն է ի վերջո հասնել նրան, որ բուհի կառավարնան բոլոր մարմիններում չլինեն կուսակցականներ։   

«Ինձ թվում է`սրանից լավ, համենայն դեպս իրավական առումով  գործիքակազմ, զերծ պահել քաղաքականությունը բուհից երեւի թե էս պահին կդժվարանամ ասել`  մեր մոտեցումը թե դեկաններ կլինեն, ամբիոնի վարիչ կլինի, ռեկտոր կլինի, չգիտեմ հոգաբարձուների  խորհրդի անդամ կլինի, թե ակադեմիական խորհրդի անդամ կլինի, թե առանձին բուհի ներսում  ինստիտուտների ղեկավար կլինեն, իրենք չպետք է լինեն կուսակցական», - ասում է  պատգամավորը։

Մյուս խնդիրն  էլ ուսանողների մասնակցությանն է վերաբերվում։ Արդյո՞ք նրանք կմեկուսացվեն բուհի կառավարման
համակարգից: ԵՊՀ գիտական խորհդրի անդամ Սյունե Սարգսյանը ասում է.

«Այս նախագծով ուսանողական թևը զրկվում  է կարծիքի արտահայտման իրավունքից, քանի որ բուհի հայեցողությամբ կարող է նվազեցվել  նրանց մասնակցությունը։ Գործող կարգով սովորողները  25 տոկոս ներկայություն ունեն կառավարման բոլոր օղակներում, նախագծում տարբեր թվեր  են նշված՝ մի տեղ նվազագույնը՝ 25 տոկոս, մի տեղում էլ՝ մինչև 10 տոկոս»,- ասում է ԵՊՀ  գիտական խորհրդի սովորող անդամը:


ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ԿԳՄՍ «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերն ուսումնասիրելուց հետո նշում է՝ ԲՈՒՀ-ը բավականաչափ մեծ կառույց է և այդ կառույցի  կառավարումն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի ձևաչափով: Շեշտում է, որ նոր օրենքի  նախագծով կառավարման մարմիններում սահմանվում են խնդրահարույց տոկոսային հարաբերություններ:

Մասնագետներն ու ուսանողները մտահոգված են, որ այս մոտեցումը նվազեցնում է ակադեմիական ազատությունը և թույլ չի տալիս բուհերին զարգանալ ինքնուրույն


 Ալբերտ  Ավետիսյան

Loading...