20:41   18-11-2024
602 մլն դրամ Երևանի 2806-ամյակը նշելու համար
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարությունների անցկացման համար կնքել է 49 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է  ավելի քան 600 միլիոն դրամ: Այս մասին Երևանի  քաղաքապետարանից տեղեկացանք մեր գրավոր հարցմանն ի պատասխան:

Պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում,  որ քաղաքային բյուջեից ծախսվել են բավականին մեծ գումարներ տարբեր արտիստների և մշակութային  գործիչների ելույթներ կազմակերպելու համար:

Այսպիսով՝ Ազատության հրապարակում և Կասկադ համալիրի  տարածքում համերգների կազմակերպման տեխնիկական միջոցների վարձակալության և սպասարկման  ծառայությունների համար «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ի  հետ կնքվել է համապատասխանաբար 25 000 000 և 20  000 000 դրամ արժողությամբ ծառայությունների մատուցման պայմանագրեր:

«Սթեյջ Դիզայն»  ՍՊԸ-ի տնօրենը Բագրատ Դիվանյանն է։ Նշենք, որ Դիվանյանը ոչ միայն «Սթեյջ Դիզայն»  ՍՊԸ-ի հիմադիրն է, այլև Jellyfish Yerevan ժամանցի կենտրոնի գործադիր տնօրենը, որն, ըստ մամուլում առկա հրապարակումների, պատկանում է ՔՊ-ական բարձրաստիճան  պաշտոնյաներից մեկին։

Պայմանագրերն  այսքանով չեն ավարտվում, ավելին՝ գները բարձրանում են:

«Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի հետ կնքվել  է ավելի քան 40 000 000 դրամի պայմանագիր, որով կատարողը պատրավորվել է քաղաքի տարբեր  հատվածներում ապահովել դեկորատիվ սեգմենտների պատրաստման, մոնտաժման ու ապամոնտաժման  և բեմի քողարկման աշխատանքների իրականացում: 

«Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ էլ  կնքվել   է 20 000 000 դրամ արժողությամբ պայմանագիր՝ Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում  ռոք համերգի կազմակերպման համար ապահովելով տեխնիկական միջոցների առկայություն:

Պայմանագրերից  թերևս ամենաուշագրավը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի  հետ կնքվածն է: Արժեքը՝ 304 487 577 դրամ: Պայմանագրով քաղաքապետարանը պատվիրել  է միջոցառման շրջանակում 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզի  տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում,  Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Հանրապետության հրապարակում կազմակերպել համերգային  ծրագրեր, հայաստանյան հայտնի երաժշտախմբերի ու անհատ արտիստների մասնակցությամբ: Ինչպես  նաև Երևանի Սախարովի հրապարակի տարածքում կազմակերպել սպորտային ուղղվածության ծրագիր:  Սրան զուգահեռ միջոցառման շրջանակում անհրաժեշտ է եղել Երևանի Հյուսիսային պողոտայի  և Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում կազմակերպել նաև գինու և գարեջրի փառատոններ:

Շարունակելով  քաղաքապետարանի կնքած պայմանագրերի շարքը նկատում ենք, որ հաղորդավար Աննա Ավանեսյանին  3,5 ժամվա համար քաղաքային բյուջեից վճարվել է 1 000 000 դրամ: Իսկ հաղորդավար Վահե  Խանամիրյանին վճարվել է  700 000 դրամ այն պարագայում,  երբ նա Շառլ Ազնավուրի հրապարակում պետք է վարեր էստրադային համերգ 5 ժամ:

Թե ի՞նչ չափորոշինչեր  են գործել պայմանագրերի գնային սանդղակները որոշելիս Երևանի ավագանու Մայր Հայաստան  խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասում է.

«Ենթադրում եմ, որ յուրաքանչյուր երգիչ ինքն  իր ելույթը գնահատել ու պահանջ է դրել՝ քաղաքային իշխանությունն էլ ընդառաջել է»:

10 530  000 դրամ է արժեցել Հյուսիսային պողոտայում գինու և Դիանա Աբգարի անվան զբոսայգում  կայանալիք գարեջրի փառատոնների շրջանակներում գինի, գարեջուր կամ սնունդ արտադրող ընկերությունների  հավաքագրման աշխատանքները: Իսկ երգիչ Էրիկ Կարապետյանի ելույթը Հանրապետության հրապարակում  քաղաքային բյուջեի համար աժեցել է 1 579 000 դրամ:

Հատկանշական  է, որ երգիչների հետ կնքած պայմանագրերում նշված է եղել ելույթի  առնվազն 2 րոպե տևողությունը: Երգչուհի Նունե Եսայանի  ելույթի համար Երևանը վճարել է 1 268 800 դրամ: Իսկ երգիչ Տիգրան ժակոչյանինը՝ 1  305 600 դրամ: Երիտասարդների կողմից հաճախ լսվող 3.33 խմբի ելույթի համար նրանց վճարվել  է 2 105 300 դրամ:

Ընդդիմադիր  խմբակցության ղեկավարը  ենթադրում  է նաև, որ այս ամենը կարող է եղած լինել բանակցային գործընթացի արդյունքում: Շեշտում  է. «Բաշխված թվերից կարելի է նկատել, որ գների սակարկում չի եղել, ով ինչ թիվ ասել է, այդքան էլ պատրաստակամ ձևով վատնել են քաղաքային բյուջեն»:


Ալբերտ Ավետիսյան

Loading...