Արդարադատության ակադեմիայում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից։
«Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ողջունեց ներկաներին, նշելով, որ մեր պետական իրավական համակարգում մի նոր կառույց է ձևավորվում, որի շարքերը համալրում են այսօրվա շրջանավարտները: Այդ կապակցությամբ ռեկտորը շնորհավորեց Սրբուհի Գալյանին, որպես ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: «Ես մասնակցել եմ թեկնածուների թե՛ ընտրության, թե՛ մասնագիտական պատրաստման գործընթացին, ինչը հիմք է տալիս հույս հայտնելու, որ նրանք մասնագիտորեն և հոգեպես պատրաստ են ստանձնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնը»,-նշեց ռեկտորը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորեց ներկաներին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի գործնական մեկնարկը տալու համար: «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքները իրացնելու լուրջ և պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»,-նշեց Արթուր Դավթյանը: