Սեպտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են Արդարադատության ակադեմիայից։
«Այսօր որոշել ենք իրավական հիմքի վրա դնել Ակադեմիայի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությունը: Հատկանշական է, որ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվում է Ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի շրջանակում: Ակադեմիայի հիմնադրման օրվանից մինչ օրս Ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, հետայսու ավելի կնպաստենք դրա զարգացմանը: Այսօր կան ուղղություններ, որոնց շուրջ համագործակցությունը երկկողմ կարևոր և օգտակար կարող է լինել, ինչը կնպաստի Ակադեմիայի, Ոստիկանության և վերջինիս կազմում գործող կառույցների գործունեության զարգացմանը»,-նշեց ռեկտորը:
ՀՀ ոստիկանության պետը ջերմորեն շնորհավորեց Ակադեմիայի 7-ամյակի կապակցությամբ և կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով տևական և արգասաբեր աշխատանք: Կարևորելով հուշագրի ստորագրումը՝ Վահե Ղազարյանը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր, հատկապես՝ կրթական ոլորտում, ինչը կնպաստի Ոստիկանության ծառայողների և Ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: «Վստահ եմ՝ այսօրվա միջոցառումն էլ ավելի կամրապնդի ընդհանուր նպատակին հասնելու ուղղությամբ մեր միասնական մոտեցումը»,- նշեց ՀՀ ոստիկանապետը:
Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, ՀՀ ոստիկանապետի համապատասխան հրամանով, արժանացավ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալի՝ ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար:
Միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: