09:49   16-09-2020
Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ ամսից
Թողնել մեկնաբանություն

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունից վնասված քառահարկ շենքի մի հատվածի ապամոնտաժման համար հայտարարվել է մրցույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսվա ընթացքում ավարտել: Վնասված հատվածն առանձնացված է, մետաղական ցանկապատ է տեղադրված, որպեսզի այդ հատվածում մարդկանց ելումուտն անվտանգ լինի: 

«Ինչպես գիտենք, պայթյունի հետևանքով 12 բնակարան է վնասվել: Մուտքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, բնակեցման համար պիտանի չէ: Շենքի մնացած մյուս մուտքերի հետ կապված արվեց ուսումնասիրություն, եզրակացությունը դրական է, այսինքն՝ պիտանի է բնակության համար: Հիմա մրցույթ է հայտարարված, որպեսզի կիսաքանդ, խարխուլ վիճակն ամբողջությամբ մաքրվի, ապամոնտաժվի, բերվի պատշաճ տեսքի»,-ասաց Կարեն Հակոբյանը: Բնակիչները ստացել են մեկ ամսվա համար 200 հազարական դրամ, տները վարձակալվել են, նրանց կացարանի հարցը լուծվել է: Ներկայում հյուրանոցներում բնակվողներ չկան, բնակիչները վարձակալած բնակարաններում են: Ինչպե՞ս է նախատեսվում լուծել բնակարաններ կորցրած բնակիչների բնակարանային խնդիրը.

«Այդ հարցը Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության տիրույթում է, հիմա քննարկում է գնում՝ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացվի»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը: 

Ինչ վերաբերում է պայթյունից վնասվածք ստացած 71-ամյա կնոջը, ապա Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: 

Loading...