16:33   17-09-2020
Նավալնին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել
Թողնել մեկնաբանություն

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը Բեռլինի կլինիկաներից մեկում ապաքինվում է «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից հետո, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան Ռաթգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևի ֆեյսբուքյան էջից:

«Ճանաչված համալսարաններից Ռուսաստանով զբաղվող մի շարք պրոֆեսորներ Նավալնիին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի»,-գրել է պրոֆեսոր Երոֆեևը:

Նրա խոսքերով` այս գաղափարին աջակցող գիտնականների մեջ կան այնպիսիք, որոնք  նախկինում բացասական վերաբերմունք ունեին Նավալնիի գործունեության նկատմամբ, բայց փոխել են իրենց կարծիքը:

Երոֆեևը բացատրել է, որ համապատասխան պրոֆիլի ցանկացած պրոֆեսոր կարող է դիմել Նոբելյան մրցանակի առաջադրման համար:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...